«Ոսկե Ծիրան»-ի ժյուրիների կազմում ընդգրկված են ժամանակակից կինոյի ճանաչված անուններ
«Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը։ Փառատոնի կազմակերպիչները հրապարակել են այս տարվա ժյուրիի անդամների անունները։
Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեհրջուին է, ով համարվում է ժամանակակից իրանական կինոյի հիմնադիրը։ Այս մրցույթի ժյուրիում ընդգրկված են նաև ավստրալացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը, սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչը, Ստամբուլի կինոփառատոնի տնօրեն Ազիզե Թանը և հայ ռեժիսոր ու դերասան Աշոտ Ադամյանը։
Վավերագրական ֆիլմերի ժյուրին կգլխավորի ավստրիացի կինոռեժիսոր, գրող և օպերատոր Միխայել Գլավոգերը, ժյուրիի անդամները՝ ուկրաինացի անվանի վավերագրող Սերգեյ Բուկովսկին, ռուս պրոդյուսեր և վավերագրող Վիտալի Մանսկին և սփյուռքահայ ռեժիսոր և պրոդյուսեր, «Ճչացողները» ֆիլմի հեղինակ Կառլա Կարապետյանը։
«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահը ամերիկահայ պրոդյուսեր Անահիտ Նազարյանն է։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ֆրանսիացի կինոլրագրող, ռեժիսոր Պատրիկ Կազալսը, իրանցի կինոքննադատ Զավեն Ղուկասյանը, հայ ռեժիսոր և դերասան Միքայել Դովլաթյանը, ինչպես նաև «Արվեստ» էլեկտրոնային ամսագրի խմբագիր Ռուզան Զաքարյանը։
Փառատոնի ընթացքում ֆիլմերին կհետևեն նաև 2 ոչ մրցութային ժյուրիներ՝ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայինը` FIPRESCI և Էկումենիկը։










