Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գրողների համահայկական 4-րդ համաժողովի պատվիրակներին

20:36 • 07.07.08

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱԳՆ Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Գրողների համահայկական չորրորդ համաժողովի մասնակիցներին։

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համաժողովի անցկացումը` նշելով, որ դա ավելին է, քան ուղղակի աշխարհի երկրներում ստեղծագործող հայ գրողների հավաք, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի բացառիկ վերաբերմունքը դեպի մեսրոպատառ գիրն ու գիրքը։

Անդրադառնալով Սփյուռքի հայ գրողների գործունեությանը` նախարար Նալբանդյանը կարեւորեց նրանց դերը ոչ միայն որպես գրողների, այլև որպես ուսուսցիչների, մանկավարժների, հայապահպանության առաքելությունն իրականացնող նվիրյալների։

Հայաստանի արտգործնախարարը նաև վստահություն հայտնեց, որ աջակցությունը սփյուռքահայ գրողներին կդառնա առաջիկայում ստեղծվելիք Սփյուռքի նախարարության առջեև դրված կարեւոր հարցերից մեկը։

Էդվարդ Նալբանդյանն ըդգծեց, որ եթե մինչեւ այսօր ասվում էր, որ Հայրենիքը զգում է Սփյուռքի աջակցության կարիքը, ապա այսօր մենք ասում ենք. այդ աջակցությունը պիտի լինի փոխադարձ և Հայրենիքն ու Սփյուռքը պիտի միմյանց սատար և աջակից լինեն։

Նախարար Նալբանդյանը նաև պատասխանեց սփյուռքահայ գրողների Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։