Լինքոլնի տաճարի գրադարանում տեղի է ունեցել «Հայկական տառարվեստն այսօր» ցուցահանդեսի բացման արարողությունը
Ս.թ. հուլիսի 5-ին Լինքոլնի տաճարի գրադարանում (Wren Library, Lincoln Cathedral) տեղի է ունեցել «Հայկական տառարվեստն այսօր» (Armenian Type Now) ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր Լինքոլնի համալսարանի Արվեստի և դիզայնի դպրոցի կողմից։ Հանդիպմանը ելույթ են ունեցել Արվեստի և դիզայնի դպրոցի դասախոս Քերոլին Պուցովիոն (Carolyn Puzzovio), Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման և մշակման բաժնի պետ Էդիկ Ղաբուզյանը։
Հանդիպմանը ելույթ ունենալով` դեսպան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, անդրադարձել հայ ինքնության պահպանման գործում հայոց գրերի անգնահատելի դերին ու նշանակությանը, պատմական եւ քաղաքական դասերին։
Ցուցահանդեսի անցկացումը կապված էր նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2008թ. լեզուների միջազգային տարի հռչակելու հետ։ Ցուցահադեսը տևելու է ս.թ. հուլիսի 7-12-ը։
Լինքոլն այցի շրջանակում ս.թ. հուլիսի 4-5-ը դեսպան Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել Լինքոլնից ընտրված` Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Ջիլիան Մերոնի (Rt. Hon. Gillian Merron MP), քաղաքապետ Ռոն Հիլսի (Cllr. Ron Hills, Mayor of Lincoln), Լինքոլնի տաճարի վանահայր Ֆիլիպ Բաքլերի (The Very Reverend Philip Buckler, Dean of Lincoln) հետ։
Մերոնի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունները։ Հաշվի առնելով, որ Ջիլիան Մերոնը Միջազգային զարգացման նախարարությունում զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը` (Parliamentary Under Secretary of State, DFID), դեսպան Գաբրիելյանն անդրադարձել է DFID-ի գործունեությանը Հայաստանում` կարևորելով տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող Միացյալ Թագավորության աջակցությունը։ Հայաստանի դեսպանի խնդրանքով Մերոնը ներկայացրել է վերջին շրջանում Միացյալ Թագավորությունում տեղ գտած ներքաղաքական զարգացումները` հատկապես լեյբորիստական կուսակցության վարկանիշի անկման համատեքստում։
Լինքոլնի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստանի շրջանների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։
Լինքոլնի տաճարի վանահոր հետ հանդիպման ընթացքում դեսպան Գաբրիելյանը, մասնավորապես, անդրադարձել է հայ եկեղեցու պատմությանը, շնորհակալություն հայտնել տաճարում հայոց գրերին նվիրված ցուցահանդեսին աջակցելու համար։










