Թադեի վանքը՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Կանադայի Քվեբեկ քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաև Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը։
Ինչպես տեղեկացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հայկական վանական համալիրը «կրում է տարածաշրջանի մյուս, հատկապես` բյուզանդական, ուղղափառ և պարսկական մշակույթների հետ անչափ կարեւոր փոխանակումների վկայությունը»։
Համալիրը, ըստ հաղորդագրության, «այդ մշակույթի` տվյալ տարածաշրջանում մնացած վերջին կոթողն է, որը դեռեւս բավարար վիճակում է»։ Ավելին, ինչպես ընդգծում է ՅՈւՆԵՍԿՕ-ն, «որպես ուխտավայր` վանական համալիրը հայկական դարավոր կրոնական ավանդույթների կենդանի վկան է»։ DPA գործակալության փոխանցմամբ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող բնական և մշակութային օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար թեկնածություններ էին ներկայացրել 41 երկրներ։
Ըստ ավանդության՝ Թադեի վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը 66 թվականին` նախկին հեթանոսական տաճարի տեղում։ Հավատացյալները պնդում են, թե Թադեոսը, որը Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչն էր, թաղված է հենց այս համալիրի տարածքում։ 14-րդ դարում վանքը ավերվել է երկրաշարժից, այնուհետև վերակառուցվել Զաքարե եպիսկոպոսի օրոք:










