«Համր» թատրոնի միջազգային տոն Ծաղկաձորում

10:34 • 09.07.08

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որ նախաձեռնել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնը` Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման աջակցությամբ։

Փառատոնին մասնակցելու են մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից և այլ երկրներից։

Մնջախաղի առաջին հայկական փառատոնը կներկայացնի համր թատոնի 3 ժանր` պանտոմիմա կամ մնջախաղ, պարային և փողոցային թատրոններ։ Հայաստանցի մասնակիցները կներկայանան բոլոր 3 ժանրերում։ Օրինակ, պարային թատրոններից փառատոնին կմասնակցի «Միհր» պլաստիկ պարերի թատրոնը։

Փառատոնի օրերին նախատեսվում է Ծաղկաձորում իսկական թատերական տոն կազմակերպել. փողոցային թատրոններից ու բացօթյա ներկայցումներից բացի, գիշերները կհնչի երաժշտություն մնջախաղի բազմազգ վարպետների, հյուրերի ու տեղացիների համար։

Մնջախաղի միջազգային փառատոնը կանցկացվի 2 տարին մեկ անգամ։