Հարգանքի տուրք Միքելանջելո Անտոնիոնիին
«Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հիշատակին։ Այդ առթիվ Երևան է ժամանաել Անտոնիոնիի այրին՝ ռեժիսոր Էնրիկա Անտոնիոնին, Անտոնիոնիի ֆոնդի տնօրեն, պրոդյուսեր Կլաուդիո Գաբրիելեն, լուսանկարիչ, Անտոնիոնիի լուսանկարների հեղինակ Պիերո Մարսիլին։
Փառատոնի օրերին կցուցադրվեն Միքելանջելո Անտոնիոնիի հետևյալ ֆիլմերը՝
Հուլիսի 13 – «Միքելանջելոյի հետ»
«Միքելանջելոյի հայացքը»
«Մասնագիտությունը՝ լրահավաք»
Հուլիսի 14 – «Գիշեր»
Հուլիսի 15 – «Ամպերից այն կողմ», «Կարմիր Անապատը»
Հուլիսի 17 – «Ֆիլմ նկարելն ինձ համար նշանակում է ապրել»
«Ոսկե Ծիրան»-ը հետմահու Պատվո մրցանակ կհանձնի Անտոնիոնիին, այն կընդունի ռեժիսորի այրին փառատոնի պատվավոր հյուր, Եվրոպականկինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսի ձեռքերից։
Ի դեպ, Անտոնիոնիի մահվանից հետո (30 հուլիսի, 2007) նրա այրին առաջին անգամ է մեկնում ամուսնու հետահայաց ցուցադրություններին, որոնք վերջին շրջանում հատկապես շատ են աշխարհի տարբեր երկրներում։ Ամենուր հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ ռեժիսորի մեծ վաստակին մահվանից մոտ 1 տարի հետո։










