5-րդ «Ոսկե Ծիրան»-ը կմեկնարկի վաղը «Դրախտի թռչուններ»-ով
Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացումը կազդարարի Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմը։ Փառատոնի կազմակերպիչները որոշել են խուսափել համերգային բացում-փակումներից և նախապատվությունը տալ փառատոնային բացում-փակումներին. փառատոնը սկսվում և ավարտվում է ֆիլմով։
«Ոսկե Ծիրան»-ը կբացվի Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում, իսկ լրագրողները կարող են արարողությանը ուղիղի հետևել կից կապույտ դահլիճից։
Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ»-ը թողարկվել է այս տարի, ներկայացնում է խորհրդային բռնապետության տարիներին «թռչելու» բացառիկ կարողություն ունեցող ընտրյալների մասին, ովքեր, այդուամենայնիվ, դատապարտված են հարկադիր վայրէջքի։ Գլխավոր դերերում հանդես են եկել Օլեգ Յանկովսկին, Օկսանա Ակինշինան և Անդրեյ Կուզիչևը։










