Երևանում մեկնարկեց 5-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը

09:51 • 14.07.08

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի նույնպես մեկնարկեց ծիրանի օրհնության ավանդական դարձած արարողությամբ, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ բացումն առավել փառատոնային էր։ Կարմիր գորգի վրայով փառատոնի հյուրերն ու մասնակիցները քայլեցին դեպի Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճ, որտեղ էլ կայացավ հոբելյանական 5-րդ փառատոնի բացումը։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բազում անվանի կինոգործիչների Հայաստանից ու արտերկրից՝ այդ թվում համաշխարհային կինոյի այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են եվրոպական կինոակադեմիայի նախագահ, գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը, ժամանակակից իրանական կինոյի հիմնադիրներից Դարյուշ Մեհրջուին, աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի այրի Էրիկա Անտոնիոնին և այլք։ Պաշտոնական արարողությունից հետո ցուցադրվեց փառատոնի բացման ֆիլմը՝ Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ»-ը։

Օրվա ընթացքում Ազգային պատկերասրահում բացվեց Միքելանջելո Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը՝ նրա այրու մասնակցությամբ։ Ներկայացված են Անտոնիոնիի վրձնին պատկանող գեղանկար աշխատանքների վերատպություններ, որոնք անվանի ռեժիսորի մահվանից հետո առաջին անգամ են ցուցադրվում։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև իտալացի լուսանկարիչ Պիերո Մարսիլիի հեղինակած լուսանկարները, որոնք պատկերում են Միքելանջելո Անտոնիոնիին։

Այս տարի «Ոսկե Ծիրան» կիոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն 300-ից ավելի ֆիլմեր, որոնցից մոտ 50-ը՝ մրցութային ծրագրերում։

5-րդ «Ոսկե Ծիրան»-ը առաջարկում է նաև մի քանի նոր ծրագրեր։ Նախորդ տարիների «Երևանյան պրեմիերաներ»-ից բացի, այս տարի կներկայացվեն «Եվրոպական համայնապատկեր», «Արաբական գիշերներ» արտամրցութային ծրագրերը։

«Հարգանքի տուրք» ծրագիրը կոչված է վառ պահելու Միքելանջելո Անտոնիոնիի և Վիլյամ Սարոյանի հիշատակը։ Սարոյան – 100 միջոցառումների շարքում կցուցադրվեն ամերիկահայ գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ընտրանի, ինչպես նաև Սարոյանի հեղինակած միակ ֆիլմը։ Հարգանքի տուրք կմատուցվի նաև Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 70 ամյակի առթիվ։

«Ռետրոսպետկիվ» ծրագրում ընդգրկված են համաշխարհային կինոյի երեք «կենդանի լեգենդների» աշխատանքներ՝ Վիմ Վենդերսի, Դարյուշ Մեհրջուիի և Կատրին Բրեյայի։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այս տարի նույնպես կանցկացվի «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային կինոֆորումը, կկայանա «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» կոնֆերանսը, ինչպես նաև առաջին անգամ կիրագործվի «Համահայկական կինոնախագիծ»-ը։

Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում և Թատերական գործիչների միությունում։ Մուտքի տոմսի արժեքն է 300 դրամ։

Փառատոնի փակման ֆիլմը Ատոմ Էգոյանի «Երկրպագություն»-ն է, որ երևանյան էկրան կբարձրանա հուլիսի 19-ին։