Հայկական «գաթայի» բույրը Բաքվից մինչև Կանն

10:59 • 16.07.08

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում ընդգրկված է նաև մոսկվաբնակ երիտասարդ ռեժիսոր Դիանա Մկրտչյանի «Գաթա» ֆիլմը, որն այս տարի ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի Cinefondation ծրագրին։

«Գաթա»-ն 33 րոպեանոց խաղարկային ժապավեն է, որ պատմում է Բաքվից գաղթած և Մոսկվայի հանրակացարաններից մեկում ապաստանած հայ փախստականների կյանքի մասին։ Ֆիլմը ռուսերեն է, բայց մի շարք խոսակցություններ հայերեն են հնչում՝ Բաքվի բարբառով։ Հայկական գաթայի բույրը կես ժամվա ընթացքում տարածվում է Բաքվից Երևանով դեպի Մոսկվա ու այնտեղից էլ դեպի Ֆրանսիա, որի մասին է երազում ֆիլմի հերոսներից Նարեկը։

Դիանա Մկրտչյանը ծնվել է Ախալքալաքում, մեծացել Գյումրիում, իսկ հիմա ապրում և ստեղծագործում է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Երկար տարիներ աշխատել է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանում, այնուհետև մասնակցել է Ռեժիսորների և սցենարիստների մոսկովյան բարձրագույն դպրոցի դասընթացին։ «Գաթա»-ն Դիանայի առաջին խաղարկային ֆիլմն է, մինչ այդ նա հեղինակել է 5 վավերագրական ժապավեն։ Այս օրերին Դիանա Մկրտչյանը Երևանում է։

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում «Գաթա»-ն կցուցադրվի նաև հուլիսի 17-ի և 18-ին։