Համշենահայ մշակույթի շաբաթ Երևանում

09:44 • 17.07.08

Հուլիսի 21-27-ը Երևանում կանցկացվի Համշենահայ մշակույթի շաբաթ, որի շրջանակներում նախատեսվում է համերգ, լուսանկարների ցուցահանդես և գիտաժողով։ Միջոցառումների շարքը նապատակ ունի հայաստանցիներին ծանոթացնել համշենահայ մշակույթին, համշենահայերի շրջանում բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև նպաստել փոխադարձ կապերի զարգացմանը։

Հուլիսի 22-ին` Նարեկացի արվեստի միությունում, իսկ հուլիսի 25-ին` Կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա համշենահայ ազգագրական «Վովա» խումբը, որ ստեղծվել է համշենահայեր Հիկմետ Աքչիչեքի, Էրսին Չելիքի և Մուստաֆա Բիբերի համատեղ ջանքերով։ «Վովա»-ն հանդես է գալիս հայկական երգ ու պարով, սրինգի և պարկապզուկի յուրահատուկ մեղեդիներով։

Հուլիսի 22-ից համշենահայկական ճարտարապետությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես կբացվի Նարեկացի արվեստի միությունում, իսկ հուլիսի 23-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա գիտաժողով «Համշեն և համշենահայություն. պատմություն և մշակույթ» թեմայով։

Համշենը քաղաք է Սև ծովի հարավ-արևելյան հատվածում, որ հիմնադրվել է դեռ 8-րդ դարում Համամ Ամատունու կողմից (Համամաշեն)։ Համշենահայությունն այսօր բաժանված է 2 մեծ խմբի` Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր և Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր։

Երևանում Համշենահայ մշակույթի շաբաթը նախաձեռնել են Նարեկացի արվեստի միությունը, «Բագարան» հասարակական կազմակերպությունը, Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը և «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական միությունը։