«Ոսկե» և «Արծաթե» ծիրաններ այս տարվա լավագույն ֆիլմերին
«Ոսկե Ծիրան» երևանյան 5-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Ատոմ Էգոյանի «Երկրպագություն»-ը որպես փակման ֆիլմ ցուցադրելուց հետո տեղի ունեցավ փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ։ Փառատոնի 5 ժյուրիները հնչեցրեցին իրենց առանձնացրած լավագույն ֆիլմերի և ռեժիսորների անունները։
Խաղարկային ֆիլմերի մրցույթում, որտեղ ներկայացված էր 11 ֆիլմ, «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակին արժանացավ մեր հայրենակից Աննա Մելիքյանը` «Ջրահարսը» ֆիլմի համար։
Խաղարկային ֆիլմերի «Արծաթե ծիրան» մրցանակ շնորհվեց Թայլանդը ներկայացնող ռեժիսոր Ադիտյա Ասարաթին «Հրաշալի քաղաքը» ֆիլմի և Էրան Ռիկլիսին Իսրայելից «Կիտրոնի ծառը» ֆիլմի համար։
Ժյուրիի դիպլոմ ստացավ իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին «Աշխարհի եզրը» խաղարկային դեբյուտի համար։
Վավերագրական ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակը` «Ոսկե ծիրանը» հանձնվեց «Կանայք շատ բան են տեսնում» ժապավենի ռեժիսոր Մեյրա Աշերին Նիդերլանդներից։ Վավերագրականի «Արծաթե ծիրանի» արժանացավ «Լաքշմին և ես» ֆիլմը Հանդկաստանից, ռեժիսոր`Նիշտա Ջաին։
Հայկական համայնապատկեր մրցույթում բացահայտ առաջատար ճանաչվեց ռեժիսոր Էրիկ Նազարյանը ԱՄՆ-ից և «Կապույտ ժամը» ֆիլմի համար ստացավ «Ոսկե Ծիրան» մրցանակը։
Հայկական համայնապատկերի «Արծաթե ծիրանն» իր հետ Մոսկվա տարավ մեկ այլ ռուսաստանաբնակ հայուհի` Դիանա Մկրտչյանը «Գաթա» աշխատանքի համար։ Ժյուրիի դիպլոմ ստացավ «Ջրառատ. Մանրապատումներ» ֆիլմի հեղինակ Մարիամ Օհանյանը։
Կինոքննատատների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակը հանձնվեց «Իմ Մարլոնն ու Բրանդոն» թուրքական ժապավենին, ռեժիսոր` Հուսեյն Կարաբեյ։
Եկեղեցիների համագործակցության Էկումենիկ ժյուրիի մրցանակին դարձյալ արժանացավ Էրիկ Նազարյանը «Կապույտ ժամը» ժապավենի համար։ Էկումենիկ ժյուրիի դիպլոմ ստացավ «Իմ Մարլոնն ու Բրանդոն» թուրքական ժապավենի հեղինակ Հուսեյն Կարաբեյը։
«Արվեստում և կյանքում խիզախության համար» մրցանակ շնորհվեց ֆրանսուհի ռեժիսոր Կատրին Բրեյային, ում «Սիրավեպ» և «Հին սիրուհի» աշխատանքները ցուցադրվեցին փառատոնի ընթացքում։
«Ոսկե Ծիրան»-ն այս տարի նույնպես հանձնեց նաև Փարաջանովյան թալերներ` այս անգամ Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսին և իրանական կինոյի մեծագույն անուններից, խաղարկային ժյուրիի նախագահ ռեժիսոր Դարյուջ Մեհրջուիին։ Սերգեյ Փարջանովը թալերներ էր անվանել 1976թ-ին բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրած իր աշխատանքները։ Դրանք հիմա պահվում են Երևանում Փարաջանովի տուն-թանգրաանում, իսկ «Ոսկե Ծիրան»-ը նվիրում է դրանց արծաթե պատճենները։










