«Ոսկե Ծիրան» 2008-ի լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց «Ջրահարսը»

09:50 • 21.07.08

5-րդ «Ոսկե Ծիրան»-ի խաղարկային լավագույն ֆիլմ է ճանաչվել ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ժապավենը։ Սա Աննայի երկրորդ լիամետրաժ խաղարկային աշխատանքն է, առաջինը՝ «Մարս»-ն էր, որ Երևանում դարձյալ ցուցադրվել էր «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում` 2005թ-ին, բայց կիսադատարկ դահլիճի արժանացել։ Փոխարենն այս տարի «Ջրահարսը» լեփլեցուն դահլիճ էր ապահովել, ֆիլմը դիտելու էին եկել նաև ՀՀ վարչապետն ու մշակույթի նախարարը։

«Ջրահարսը» թողարկվել է 2007թ-ին, ֆիլմի պրոդյուսերը մոսկովյան Սենթրալ Փարթներշիփ ընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանն է, ով նաև Աննա Մելիքյանի ամուսինն է։ Կանաչ մազերով աղջկա մասին պատմությունը ռեժիսորի գլխում վաղուց է պտտվել ու, հասունանալով, ի վերջո դարձել ավարտուն սցենար «Ջրահարս»-ի համար։ Աննան պատմեց, որ երբեք չի նկարահանում ուրիշների սցենարներով, նախընտրում է պատմել իր պատմությունը։ Դրանցից հերթականը 18-ամյա Ալիսայի մասին է, որ ապրում է ծովեզերքին, երազում է բալետի պարուհի դառնալ, երիտասարդ տարիքում պատրաստ է դիմագրավել կյանքի ցանկացած փորձություն։ Ջրահարս Ալիսայի կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունենում, երբ նա տեղափոխվում է Մոսկվա և ծանոթանում մի երիտասարդի հետ։

Երևանից բացի, «Ջրահարսը» հասցրել է բազմամամարդ դահլիճներ, դրվատանքի խոսքեր ու նաև մրցանակներ հավաքել մի քանի այլ փառատոններում` Սոֆիա, Սոչի, Սանդենս, Բեռլին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Մաշա Շալաևան և Եվգենի Ցիգանովը, մարդիկ ովքեր օգնեցին, որպեսզի Աննա Մելիքյանը հայրենիքում արժանանա «Ոսկե Ծիրան»-ի։

Աննա Մելիքյանը ծնվել է 1976թ-ին Բաքվում, ապա մեծացել և կրթություն է ստացել Երևանում, իսկ 1994թ-ից տեղափոխվել և հաստատվել է Մոսկվայում։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը լավ առիթ է, որպեսզի երիտասարդ ռեժիսորը տարվա մեջ առնվազն մեկ անգամ հայրենիք այցելի։