Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանում բացվեց նկարչի մշտական ցուցադրանքը
Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանում հուլիսի 20-ին՝ նկարչի 80-ամյա տարելիցի օրը, բացվեց նրա մշտական ցուցադրանքը՝ համագյուղացիների, Երևանից և Գյումրուց եկած հյուրերի, արվեստասերների ներկայությամբ։
Ցուցադրանքում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք՝ գեղանկարներ և գրաֆիկական թերթեր, որմնանկարների վերատպություններ, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներ, ինչպես նաև Մինասի՝ Սարյանի, Քոչարի, Գառզուի և արվեստի այլ գործիչների հետ լուսանկարներ, նրա ժամանակակից նկարիչներ Աշոր Մելքոնյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Հենրիկ Միրավյանի, Արտաշես Հունանյանի, Ալբերտ Պարսամյանի աշխատանքներ։
Մինաս Ավետիսյանի թանգարանը այստեղ գործել է 1982 թվականից, սակայն երկրաշարժի հետևանքով այն ավերվել է, և պետության հոգածությամբ նախկինի կողքին կառուցվել է նորը։
Թեև նոր թանգարանն արդեն երեք տարեկան է, սակայն, ինչպես ասաց տնօրեն՝ նկարչի որդի Արման Ավետիսյանը, նկարները չէին ցուցադրվում, քանի դեռ նրանց պահպանության խնդիրները չէին լուծվել։ Ի դեպ, ներկա ցուցադրանքը թե՛ Հայաստանում, թե՛ նրանից դուրս նկարների քանակով ամենամեծն է։
Ցուցադրանքի բացման արարողության ժամանակ նկարչի մասին խոսք ասացին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար Սամվել Հովհաննիսյանը, ուրիշներ։
ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում ու Լենինգրադում, հայրենիքը պատկերող բազմաթիվ գեղանկարների կողքին ձեւավորել է Երևանի օպերային թատրոնի մի շարք ներկայացումներ, որմնանկարներ կատարել Երևանում, Գյումրիում և այլուր։ Արժանացել է ՀՀ պետական և Մ.Սարյանի անվան մրցանակների։
Վախճանվել է 1975 թվականի փետրվարի 22-ին, Երևանում, փողոցում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով։










