Ստեղծվում է հուշարձանների վերականգնման կենտրոն՝ մշակույթի նախարարության ներքո

16:38 • 24.07.08

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր գործադիրը որոշել է «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Վայք», «Արագածոտն», «Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» և «Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն` ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով ՀՀ մշակույթի նախարարությանը։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավա¬րության 2004թ. նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշմամբ ընկերություններում անցկացված ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ուսումնասիրության արդյունքներով, ըստ որոնց` նշված ընկերություններն անմխիթար վիճակում են։ Ընկերությունների` միացման ձեւով վերակազմակերպման նպատակն է համախմբել առկա նյութական ու ֆինանսական ռեսուրսները և ստեղծել հուշարձանների վերականգնման մեկ միասնական մասնագիտացված ընկերություն, որի գործառույթներից մեկն էլ լինելու է հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստումը։