Ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարության 2008-2012 թվականների գործունեության ծրագիրը

18:08 • 25.07.08

ՀՀ մշակույթի նախարարության 2008-2012 թվականների գործունեության ծրագրում ընդգրկվել են մշակութային քաղաքականության բոլոր հիմնական դրույթները։

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ընդգրկվել են նաև այն դրույթները, որոնց մինչ այժմ չեն կարողացել անդրադառնալ, հստակ ուսումնասիրել։

Աշխատանքներ են իրականացվելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։ Կմշակվեն պատմամշակութային անշարժ հուշարձանների, մշակութային արժեքների և ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման և օգտագործման համալիր ծրագրեր։

Հ. Պողոսյանի խոսքով, պետք է ամփոփել արտասահմանյան երկրներում գտնվող մշակույթային արժեքների ցանկը։

«Շատ է խոսվում, որ այլ երկներում վնասվում են հայկական մշակութային արժեքները, հուշարձանները։ Յուրաքանչյուր բանակցային գործընթացի, միջպետական հանդիպումների ժամանակ կքննարկվեն հուշարձանների պահպանության հետ կապված հարցերը»,-նշեց Հ. Պողոսյանը։

Կիրականացվի արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, հետախուզական եւ պեղումների իրականացման գործընթացի կարգավորում։

Նախարարը կարևորեց հուշարձանների վերականգնման գործընթացի լիցենզավորման խնդիրը։ «Չկան հուշարձանների վերականգնման մասնագետներ, որոնք ունենան համապատասխան լիցենզիա նման աշախատանք իրականացնելու համար։ Այդ նպատակով ստեղծել ենք Հուշարձանների վերականգնման կենտրոն, որը կզբաղվի մասնագետների վերապատրաստմամբ, նրանց համապատասխան սերտիֆիկատների տրամադրմամբ։ Նախարը կարեւորեց նաեւ հուշարձանների կադաստրի հարցը։ «Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, մեր սեփականության իրավունքը հուշարձանների նկատմամբ պետականորեն գրանցված չէ, նշանակում է ցանկացած ոտնձգություն կարող է լինել հուշարձաների նկատմամբ»,-ավելացրեց նախարարը։

Առաջիկա տարիներին նախատեսվում է մշակել նաև թանգարանների շենքերի վերանորոգման նախագծեր, նյութատեխնիկական բազայի վերազինման, անվտանգության համակարգերի ծրագրեր, հիմնել մշակութային արժեքների փորձագիտական լաբորատորիաներ։

Նախարարության 2008-2012թ-ի գործունեության ծրագրով նախատեսված է արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացում, մշակութային գործընթացների խթանում։ Նախարարի խոսքով, այս հատվածում առաջնահերթությունը տրվելու է դեբյուտային ծրագրերին` խաղացանկային ներկայացումներին, երաժշտական ծրագրերին, հայկական ֆիլմերի արտադրությանը կցուցաբերվի պետական աջակցություն։ Հայաստանի մշակութային դաշտ կներգրավվեն սփյուռքահայ արվեստագետներ։

Նախարարը կարեւորեց նաև տեղեկատվական համակարգի կիրառումը մշակույթի ոլորտում։ Նախատեսվում է տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների և էլէկտրոնային կառավարման համակարգերի ներդրում, թանգարանային հավաքածուների, մշակույթի ոլորտի միասնական տեղեկատվական շտեմարանների ստեղծում։

Ըստ Հ. Պողոսյանի` ծրագրում ընդգրկված հարցերից է նաև մշակույթի ոլորտի կադրային քաղաքականությունը։

«Մշակույթի ոլորտի շատ կադրեր խորհրդային տարիներին վերապատրսատվել և այդ դպրոցն անցել են այլ երկրներում։ Մենք պետք է այնպես անենք, որ վերապատրաստման դպրոց հիմնվի Հայաստանում»,- ասաց նա։ Նախատեսվում է ուսումնասիրել մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկան, կատարելագործել կադրերի պատրաստման պետպատվերի համակարգը, վերապատրաստել կադրերին։ Կտեղայնացվեն նաև միջազգային մասնագիտական չափորոշիչները և նորմերը, պետք է զարգացնել հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալական անապահով և իրավախախտում կատարած երեխաների ստեղծագործական կարողությունները։

Մշակվելու է մարզերում մշակույթի համաչափ զարգացման ծրագիր։ Աշխատանքներ են իրականացվելու միջմարզային մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ, նախատեսվում է մշակույթի տների վերանորոգում, նյութատեխնիկական բազայի վերազինման նախագծի մշակում։

Ինչ վերաբերվում է տեղեկատվական քաղաքականության իրականացմանը, ապա պատմամշակութային հուշարձանները կընդգրկվեն հանրապետության զբոսաշրջության երթուղիներում, կկատարվի սահմանամերձ շրջանների բնակավայրերի մշակութային սպասարկում` «Կինոթատրոններ անիվների վրա», «Թանգարան անիվների վրա», «Շարժական գրադարան» ծրագրերի իրականացմամբ։

Նախարարը կարեւորեց նաեւ համագործակցությունը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետ և համատեղ ծրագրերի իրականացումը։ Նախարարությունը համագործակցելու է նաև Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ պատմական, հոգեւոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանության համատեքստում։