Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր` Գյումրիում
Գյումրիում այսօր ներկայացվեց Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը։
Առաջին փուլի շրջանակներում քաղաքի կենտրոնական հրապարակում և դրան հարող «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի տարածքում տեղադրվել են 14 տեղեկատվական վահանակներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն լեզուներով։
Ըստ ծրագրի նախագահ Ռիչարդ Նայքի` այս վահանակներն ու նշագրերը կոչված են համառոտ ներկայացնելու քաղաքի պատմաճարտարապետական կերպարը` խթանելով զբոսաշրջության զարգացմանը։
Նշենք, որ 1980 թվականին հանրապետությունում առաջինը Գյումրի քաղաքի պատմական միջավայրը ճանաչվեց որպես քաղաքաշինական արգելոց, որի շուրջ 200 հա տարածքում պահպանվում է 1500 ճարտարապետական կոթող։
Ծրագրի ներկայացման առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ողջունելով գյումրեցիներին` ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական։
Գյումրիի պատմական կենտրոնում տեղադրված վահանակների ներկայացումը կատարվեց «Վերածնունդ» կարգախոսով` խորհրդանշելով քաղաքի պատմությունն ու զարթոնքն աղետից հետո։
Ծրագիրը հովանավորվում է «ՎիվաՍել»ի, Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոսի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ, ԻՏՕՄՕՍ ՀԿ-ի մասնագիտական խորհրդատվությամբ։










