Առևանգվել են արգենտինացի հայտնի նկարչի կտավները
Ոստիկանական համազգեստով մի խումբ մարդիկ առևանգել են արգենտինացի հայտնի նկարիչ Անտոնիո Բերնիի 15 կտավ վերջիններիս տեղափոխման ժամանակ, հայտնում է AFP-ն:
Նկարները տեղափոխում էին բեռնատարով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի արվարձանից դեպի Գեղեցիկ արվեստների ազգային թանգարան: Ինչպես պատմել է նկարների տեղափոխությամբ զբաղվող ընկերության ղեկավարը, չարագործները կանգնեցրել են մեքենան` զենքով սպառնալով վարորդին, տեղափոխել են կտավներն իրենց բեռնատարի մեջ և թաքնվել են:
Կտավները չունեն կոմերցիոն արժեք, քանի որ դրանք չի թույլատրվում օրինական կերպով վաճառել Արգենտինայի տարածքում, ընդգծել է Արգենտինայի մշակույթի նախարար Խոսե Նունը: Սակայն կտավներն իրենցից ներկայացնում են բարձր մշակութային արժեք, և այս առումով նրանց կորուստը լուրջ վնաս է:
Գործակալությունը նշում է նաև, որ Բերնիի ստեղծագործությունները միջազգային աճուրդներում վաճառվում են հարյուր հազարավոր դոլարներով:










