Ինչո՞ւ ազատեցին Վահե Շահվերդյանին

12:30 • 29.07.08

Օրեր առաջ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով Վահե Շահվերդյանն ազատվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։

Այդ առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեկնաբանեց, որ պատճառը մայր թատրոնում եղած բազմաթիվ բացթողումներն էին, ոչ ճիշտ ղեկավարումը։

“Տարիներ շարունակ մայր թատրոնը փակ է եղել բեմադրիչների համար”, - մշակույթի նախարարի խոսքերը կրկնեց Հակոբ Ղազանչյանը։

Նրա մեկնաբանմամբ երկար քննարկումներ են եղել թատրոնում գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը պահպանելու կամ բաց բեմի վերածելու շուրջ և որոշվել է համատեղել այդ 2 գաղափարները։ Այսինքն` որոշ ժամանակ հետո թատրոնը նորից կունենա գեղարվեստական ղեկավար, բայց նաև բոլոր անկախ բեմադրիչները հնարավորություն կստանան ներկայացումներ բաձրացնել մայր թատրոնի բեմ։

Հակոբ Ղազանչյանի կարծիքով այսօր Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է դառնա բեմադիչների նոր սերնդի ներկայացուցիչներից մեկը` Վահան Բադալյան, Գրիգոր Խաչատրյան, Սուրեն Շահվերդյան (Վահե Շահվերդյանի որդին), Նարինե Գրիգորյան և ուրիշներ, ովքեր պատրաստ են ժամանակակից խոսք բերել թատրոն։ Թատերական գործիչների միության նախագահը հերքեց նաև այն ասեկոսները, թե նոր գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնում են Արմեն Մազմանյանն ու Նիկոլայ Ծատուրյանը, նաև ոչ իրական համարեց այն լուրը, որ Շարմ ըներությունը պատրաստվում է գնել մայր թատրոնի շենքը։

Ի դեպ, հերքվեց նաև այն տեսակետը, թե նախարարի այս որոշումը քաղաքական հիմք ունի. հայտնի է, որ Վահե Շահվերդյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմներից է, թեև անձամբ երբեք քաղաքական ակտիվությամբ չի առանձնացել։ Սունդուկյանի արդեն նախկին գեղարվեստական ղեկավարն այս օրերին Միացյալ Նահագներում է, ասացին` անձնական խնդիրներով։