Պատանի հանդիսատեսում նոր ղեկավա՞ր

12:34 • 29.07.08

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը հնարավոր է ունենա նոր ղեկավար:

Այս մասին հայտնել է թատրոնի ներկայիս ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Բանն այն է, որ միության գործունեության հետ կապված խնդիրներն ու իր անձնական միջազգային նախագծերը ժամանակ չեն թողնում բեմադրելու համար։ Բացի այդ, Հակոբ Ղազանչյանի կարծիքով թատրոններ պետք է գան երիտասարդ սերնդի բեմադրիչներ և նոր խոսք բերեն իրենց հետ։

Այդ պատճառով Հակոբ Ղազանչյանն արդեն դիմել է երիտասարդ բեմադրիչ, այժմ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնելու առաջարկով։ Բեմադրիչը դեռ հստակ չի պատասխանել, բայց Հակոբ Ղազանչյանը պատրաստ է ստորագրել հրաժարականը։

Հիշեցնենք, որ Վահան Բադալյանի “Օֆելյայի ստվերների թատրոնը” ներկայացումը անցած տարի արժանացավ Հայ ֆեստ թատերական փառատոնի ամենաբարձր գնահատականին, նաև ներկայացվեց և լավագույնը ճանաչվեց հունիսին Գերմանիայում կայացած Մանկապատանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնում։