Պատրաստվում է «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային փառատոնը

08:38 • 31.07.08

Օգոստոսի 9-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային փառատոնի հիմնադիր համերգը, որը կհամարվի 2009-ին նախատեսված փառատոնի մեկնարկը։ Այն կիրականանա «Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամի, մշակույթի նախարարության, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ռեժիսոր Արմեն Մանուկյանն է։

«Առնո Բաբաջանյան» երգի միջազգային փառատոնի մեկնարկային համերգը կանցկացվի Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում, կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունները հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ` Լեյլա Սարիբեկյանի, Համլետ Գևորգյանի, Ռուզան Ավետիքյանի և ուրիշների։ Համերգին կմասնակցի Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնը, կհնչեն նաև կոմպոզիտորի գործիքային կատարումները, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի և այլոց ստեղծագործություններ։