«Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ը` նոր ձևաչափով

11:07 • 01.08.08

Օգոստոսի 17-23-ը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երրորդ համահայկական փառատոնը, որն այս տարի մի փոքր փոփոխել է ձևաչափը։ Նախորդ տարիների նման այս տարի էլ այն ուղղված է Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի սերտացմանը, փոխադարձ համագործակցության զարգացմանը, հայազգի երիտասարդ ներուժի բացահայտմանը, իսկ այս տարվանից նաև նպատակ ունի համահայկական մշակութային ընդհանուր դաշտի ձևավորման հիմք դնել։ Այդ նպատակով նախատեսվում են քննարկումներ, սեմինար-խորհրդակցություններ փառատոնի հայաստանցի և սփյուռքահայ մասնակիցների հետ։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կմեկնարկի օգոստոսի 18-ին, բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օպերայի և բալետի թատրոնում,
իսկ կամփոփվի փառատոնը օգոստոսի 23-ին հանրապետության հրապարակում նախատեսված փակման համերգով։ Փառատոնի հիմնական ժանրային ուղղություններն են` պարը, երաժշտությունը և թատրոնը։ Միջոցառումներն անցկացվելու են մայրաքաղաքում և տարբեր մարզերում։