Մշակութային-փառատոնային օգոստոս
2008-ի ամառվա վերջին ամիսը մեկնարկեց ընդդիմության հանրահավաքով, բայց խոստանում է լինել առավել մշակութային ու հատկապես փառատոնային։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայաստանյան տապի միակ փրկությունը Սևանը կամ Քոբուլետին է, բայց հայ մշակույթի շատ նվիրյալներ առաջարկում են հանգիստը մշակութային դարձնել։
Ի դեպ, մեզանում շարունակվում է վերջին շրջանում նկատելի մշակութային ապակենտրոնացման քաղաքականությունը. մշակութային ակտիվություն են փորձում արթնացնել մայրաքաղաքից դուրս։ Մասնավորապես, օգոստոսին նախատեսված 3 փառատոններից 2-ը կանցկացվեն հայկական տուրիզմի հեռանկարներից մեկը համարվող Ծաղկաձորում։
Օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հիմնադիր համերգով կբացվի «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային փառատոնը, որն իր շարունակությունը կունենա 2009-ին։ Այդ օրը կհնչեն մեծանուն կոմպոզիտորի երգերն ու գործիքային կատարումները, ինչպես նաև նրա ժամանակակիցների ստեղծագործություններ։
Ընդամենը մեկ օր անց՝ օգոստոսի 10-ին, նույն Ծաղկաձորում կմեկնարկի Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 15-ը։ 5 օր շարունակ տարբեր երկրներից ժամանած մնջախաղի թատերախմբերը հայ գործընկերների հետ բացօթյա տոն կկազմակերպեն հանդիսատեսի համար։
Օգոստոսի 17-ին կմեկնարկի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որը մինչև օգոստոսի 23-ը մշակութային տարբեր միջոցառումներում կհամախմբի հայաստանցի և սփյուռքահայ գործիչներին։
Այս օրերին Երևանում իր նոր «Սեր և ատելություն» քաղաքական մենաներկայացմամբ հայ հանդիստաեսին է ներկայանում Վարդան Պետրոսյանը, ում ելույթները կշարունակվեն ողջ օգոստոսի ընթացքում։
Օգոստոսին Երևանում համերգով հանդես կգա Լոս Անջելեսից ժամանած «Հայ պարարվեստի կենտրոն»-ը՝ Վարդան և Արմինե Աղաջանյանների ղեկավարությամբ։
Իսկ ամսվա ավարտին նախատեսված է անցկացնել Լիբանանյան մշակույթի շաբաթ։










