«Սեր և ատելություն»՝ ըստ Վարդան Պետրոսյանի
Հուլիսի 15-ից Երևանում իր նոր մենաներկայացմամբ հանդես է գալիս դերասան Վարդան Պետրոսյանը։ Ներկայացումը քաղաքական ենթատեքստ ունի, կոչվում է «Սեր և ատելություն», անդրադառնում է 2008-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններին, հետընտրական զարգացումներին և այսօրվա բևեռված հասարակության խնդիրներին։
Մինչև ընտրությունները Վարդան Պետրոսյանը նախատեսել էր այս տարի Հայաստան բերել 1918թ-ի հայկական առաջին հանրապետության 90–ամյակին նվիրված մի ներկայացում, որի միայն մի հատվածը պետք է նվիրվեր 2008-ի ընտրությունների արդյունքներին։ Սակայն ընտրական ու հետընտրական իրադարձությունները փաստեցին, որ ամենակարևոր թեման այսօր ներքաղաքական վիճակն է, որի մասին առաջին անգամ խոսում են ոչ թե բեմահարթակից, այլ բեմից։
Իր նախորդ մենաներկայացումների նման այս դեպքում էլ Վարդան Պետրոսյանն անձամբ է գրել սցենարը, բեմում նորից միայն ինքն է՝ բոլորի դերում, կատակում ու պատմում է մեր տեսածի մասին, երգում ու վերհիշում ընրտություններում անգամ ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուներին, բայց ներկայացման՝ «սիրո և ատելության» առանցքում, իհարկե, երկու անուններ են՝ Լևոն և Սերժ։










