“Ցանկության թակարդներ” մանկության հուշերում

20:01 • 04.08.08

ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է երիտասարդ արվեստագետ Անուշավան Հովակիմյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է “Ցանկության թակարդներ” խորագիրը։ Ներկայացված են համակարգչային գրաֆիկայով ստեղծված անվերնագիր լուսանկարներ, որոնցում առկա է մանուկ հերոսը կամ մանկությունը խորհրդանշող որևէ տիկնիկ կամ խաղալիք։

“Եթե մանկական երազանքները չեն իրականացել, ցանկություն է առաջանում վերադառնալ մանկություն, չտեսնել այս իրականությունը, չզգալ այն, փնտրել Հենզելի և Գրետելի հեքիաթի քաղցրավենիք տնակը… Պրոբլեմից դուրս գալու ելքը տեսնում եմ երևույթները դաստիարակությունից, պատկերացումներից, նկարագրումից և սիմվոլից դուրս ընկալման մեջ”, - բացատրում է հեղինակը։

Անուշավան Հովակիմյանը սովորել է Երևանի մանկավարժական համալսարանում, ապա կրթությունը շարունակել ֆրանսիական Սեն-Դենիի համալսարանի պլաստիկական արվեստների ֆակուլտետում։ Մասնակցել է մի շարք խմբային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի քանի անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Նրա գործերից մի քանիսը պահվում են մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 23-ը։