Մահացավ Ալեքսանդր Սոլժենիցինը
Երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայում 90 տարեկան հասակում մահացել է մեծանուն ռուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է գրողի որդին, մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարվածությունը։
Մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Ալեքսանդր Սոլժենիցինի ընտանիքին ցավակցել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։
Սոլժոնիցինը ծնվել է 1918թ. Կիսլովոդսկում։ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցելուց հետո՝ 1945թ. փետրվարի 9-ին, նա ձեռբակալվել է ընկերոջը հղած նամակներում Յոսիֆ Ստալինին քննադատելու համար, դատապարտվել է 8 տարով, իսկ 1953թ. ազատվել է՝ ԽՍՀՄ «եվրոպական մասում» ապրելու արգելքով։ Բնակվել է Ղազախստանում, Քոկ-Տերեկ աուլում։
1956թ. ԽՍՀՄ Գերագույն դատարանի որոշմամբ՝ Սոլժենիցինի իրավունքները վերականգնել են, և նրա ստեղծագործությունները սկսել են հայտնվել մամուլում։ Սակայն 1965թ, երբ ԽՍՀՄ Ազգային անվտանգության աշխատակիցների ձեռքն է ընկել Սոլժենիցինի անձնական արխիվը, նրա ստեղծագործությունները արգելվել են։
Գրողի հանրահայտ «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպը լույս է տեսել արտասահմանում, որից հետո նա ձեռբակալվել է, զրկվել ԽՍՀՄ քաղաքացիությունից և աքսորվել է երկրից։ Մինչև 1990թ. բնակվել է Շվեյցարիայում և ԱՄՆ–ում։ 1994թ. վերադարձել է Ռուսաստան։ 1970թ. Ալեքսանդր Սոլժենիցինն արժանացել է գրականության ասպարեզում բարձրագույն պարգևի՝ Նոբելյան մրցանակի։
Իր բեղուն ստեղծագործական կյանքի ընթացքում նա հեղինակել է մի շարք հանրահայտ երկեր՝ «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ», «Քաղցկեղային մասնաշենքը», «Իվան Դենիսովիչի վերջին օրը»։










