Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Ուղերձում ասված է.
«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի ժողովուրդը խոր վշտով տեղեկացավ մեծանուն գրողի և հումանիստի, մարդ-դարաշրջանի, մարդ-ուղենիշի` Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինի մահվան մասին։ Սա ողջ մարդկության կորուստն է։ Սոլժենիցինի կյանքի ճանապարհի, նրա անձնական ողբերգությունների, փորձությունների և ստեղծագործության եզակի միահյուսումը դարձավ մարդկային կամքի, ուժի և հավատի խորհրդանիշ։
Ալեքսանդր Իսայի նման մարդկանց կյանքը չի սահմանափակվում նրանց տրված տարիներով։ Այդ բարոյական, հոգևոր, արարչագործ սկիզբը չունի վերջ։ Հերտքը, որը թողել է Սոլժենիցինը, դեռ երկար կլինի ուղեցույց` սերունդների բարոյական և հոգեւոր դաստիարակության գործում։
Ցավակցում եմ Ձեզ, Ալեքսանդր Իսայի հարազատներին, մերձավորներին և բոլոր ռուսաստանցիներին»։










