Երևանյան թատրոնները հանգստանում են
2008-ի օգոստոսը լի է մշակութային-փառատոնային իրադարձություններով, բայց ոչ թատերական ներկայացումներով։ Այս ամիս մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոնների ազդագրերեը դատարկ են, բացառությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից, որտեղ շարունակում են խաղալ իրենց ավանդական ներկայացումները՝ «Իմ զոքանչը», «Ինձնից պրծում չկա» և այլն։ Այս տարի Պարոնյան թատրոնում է հյուրընկալվել նաև դերասան Վարդան Պետրոսյանը՝ իր «Սեր և ատելություն» նոր մենաներկայացմամբ։
Այս օրերին կարմիրով է զարդարված «Էդգար Էլբակյան» թատրոնի ազդագիրը, որտեղ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի դուստրը՝ Լիլի Էլբակյանը, բեմադրել է «Կարմիր լապտերներ» երաժշտական ներկայացումը մեծահասակաների համար։ Անբարոյական կանանց գործունեության մասին պատմող այս ներկայացման մեջ անբարոյականներից մեկի դերը ստանձնել է պիեսի հեղինակ և բեմադրիչ Լիլիի մայրը՝ Աննա Էլբակյանը։
Երևանյան մյուս թատրոնները հանգստանում են կամ մեկնել են հյուրախաղերի։ Որոշ թատրոններում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Նոր թատերաշրջանը կբացվի աշնանը։










