Երևանում բացվել է ֆրանսահայ նկարչի անհատական ցուցահանդեսը
Ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Պիեռ Սեֆերյանի անհատական ցուցահանդեսը, որ ներկայացնում է հեղինակի 28 աշխատանքներ։ Մարսելում ծնված և փարիզյան կրթություն ստացած Սեֆերյանը բազմիցս այցելել է հայրենիք, բայց այս տարի առաջին անգամ առիթ ունի անհատական ցուցահանդեսով ներկայանալ հայ արվեստասերին ու ամփոփել իր 30-ամյա ստեղծագործական գործունեությունը։
Երևանյան ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները թեմատիկ առումով շատ բազմազան են՝ ընդգրկելով դիմանկարներից մինչև կենցաղային պատկերներ։ Եղեռնի հետևանքով Ֆրանսիայում հայտնված Սեֆերյանների սերունդ լինելով՝ նկարիչը չի շրջանցել նաև հայոց ցեղասպանության թեման։
Ցուցահանդեսի բացման առթիվ պատկերասրահում կայացել է նաև «Խաչքարերը մտնում են Լուվր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որի հեղինակն ու գլխավոր դերակատարը նույնպես Ժան Պիեռ Սեֆերյանն է։ Ֆիլմը ներկայացնում է հայկական խաչքարերի տեղափոխումը Լուվր Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ կազմակերպված «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի համար։
Պատկերասրահում Ժան Պիեռ Սեֆերյանի ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 16-ը։










