138 մլն դրամ է հատկացվել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը կառուցելու համար

18:17 • 07.08.08

Այսօրվա ՀՀ կառավարության նիստում ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 138 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։

Նույն որոշմամբ, 2008թ. պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից Երևանի քաղաքապետարանի կողմից ապահովվող 5 մլրդ 793 մլն 283.1 հազար դրամ մուտքերի հաշվին նախատեսվում է իրականացնել մեկ տասնյակից ավելի շինարարական, նախագծային և այլ աշխատանքներ, այդ թվում` Հերացի փողոցից Աբովյան փողոցով դեպի Աբովյան պուրակ աջ շրջադարձային ուղու, Հերացի փողոցի վրա ևս մեկ վերգետնյա անցումի կառուցման, Շինարարների փողոցի N 6 վթարային շենքի 1-3 մուտքերի վերականգնման-ամրացման աշխատանքներն ավարտին հասցնելու, ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի N 683 որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու, «Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձանի մասնաշենքը բռնադատվածների հուշարձանի վերակառուցման, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման ծրագրից բխող միջոցառումների շրջանակներում, ՀՀ 2008թ. պետական բյուջեով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված մի շարք այլ աշխատանքներ։