Ծաղկաձորում կմեկնարկի Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը
Օգոստոսի 10-ին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում կառուցված հատուկ բացօթյա բեմում կմեկնարկի Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որ նախատեսվում է անցկացնել 2 տարին մեկ հաճախականությամբ։ Առաջին փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը ներառյալ` Ծաղկաձորում հանգստացողներին, տեղացիներին և բոլոր հյուրերին ներկայացնելով թատրոնի միջազգային լեզուն։ Շարժումների ու ժեստերի իրենց վարպետությունը Ծաղկաձորի փողոցներում կցուցադրեն 10 թատերախմբեր` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Իսպանիայից և Իտալիայից։
Մնջախաղի փառատոնի բոլոր ներկայացումները կկայանան բաց երկնքի տակ` Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի բեմում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանին հարող պուրակում և Կեչառիս միջնադարյան եկեղեցական համալիրի շրջակայքում։ Այստեղ հանդես կգա Իտալիայից ժամանած միջնադարյան քանդակների թատրոնը, որ կրում է “Սայլենս Տեատրո” (“Լռության թատրոն”) անունը։
Փառատոնի անցկացման համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 9,5 մլն դրամ։ Փառատոնի գործադիր տնօրենն է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ով պատրաստվում է փառատոնի ավարտից հետո ֆինանսական հաշվետվություն ներկայացնել հանրությանը։










