Հայաստանում կհնչեն մարիաչի լիրիկական երգեր Տեխասից
Օգոստոսի երկրորդ կեսին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում համերգներով հանդես կգա «Մարիաչի Իմպերիալ դե Ամերիկա» խումբը Տեխասից՝ կատարելով լիրիկական սիրո երգեր։ Բոլոր համերգները բացօթյա կլինեն, Երևանում այն կկայանա օգոստոսի 17-ին Կոնսերվատորիային հարող այգում, օգոստոսի 18-ին՝ կանցկացվի Գյումրիի թատերական հրապարակում, օգոստոսի 19-ին՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի հրապարակում, օգոստոսի 20-ին՝ Իջևանի Մշակույթի պալատի հրապարակում և օգոստոսի 21-ին՝ Նոյեմբերյանի Ազատության հրապարակում։
«Մարիաչի Իմպերիալ դե Ամերիկա» խումբն արդեն 25 տարվա պատմություն ունի, հիմնվել է Ջոուզ Լոնգորիայի կողմից՝ ընդգրկելով Լոնգորիա ընտանիքի անդամներին և ընկերներին։ Խմբի անդամներ ներկայացնում են Մեքսիկայի տարբեր մարզերը։ Իրենց գործունեության ընթացքում հասցրել են թողարկել 2 ձայնասկավառակ և մեծ ճանաչում են վայելում Միացյալ Նահանգներում։
«Մարիաչին» երաժշտական խմբի տեսակ է, որ ծագում է հիմնականում Մեքսիկայից։ Խմբում պարտադիր հանդես են գալիս 3 ջութակներ, 2 փողայիններ, մեքսիկական կիթառ և այլն։ Լայնեզր գլխարկներով ու փողոցային նվագախմբին հատուկ համազգեստով մարիաչի խմբերը կատարում են լիրիկական երգեր։ Հաճախ նրանց կարելի է տեսնել փողոցներում սերենադներ կատարելիս։










