Մնջախաղի բազմազգ տոնը սկսված է
Երեկ երեկոյան Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում կառուցված հատուկ բացօթյա բեմում Երևանի մնջախաղի թատրոնի, Օվասիս խուլերի թատրոնի, «Միմ ստուդիո»-ի և իսպանական «Ումորտալ» թատերախմբի ելույթներով մեկնարկել է Մնջախաղի առաջին միջազգային փառատոնը:
Առաջիկա օրերին նշված թատրոններից բացի, Ծաղկաձորում բաց երկնքի տակ ելույթ կունենան նաև հունական «Ատրոպոս», ռուսական «44 աշխարհ», իտալական «Սալյենս տեատրո», իսպանական «Աու մենտս» թատերախմբերը, ինչպես նաև Վրաստանի մնաջախաղի պետական թատրոնը և «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը՝ Հայաստանից:
Փառատոնը բացվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ, որն արված է Դ. Դեմիրճյանի համանուն գործի մոտիվներով, միջնադարյան մանրանկարչության թեմաներով, նաև ժամանակակից այնպիսի տարրերի օգտագործմամբ, ինչպիսին է վիդեո պրոյեկցիան: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար և մնջախաղի փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանն է:
Հիշեցնենք, որ մնջախաղի առաջին միջազգային փառատնի կազմակերպիչները բոլոր ցանկացողներին անվճար տեղափոխում են Ծաղկաձոր Կոնսերվատորիայի առջևից հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 11
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14:00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23:00
Օգոստոսի 12
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14:00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23:00
Օգոստոսի 13
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14:00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23:00
Օգոստոսի 14
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 12.00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 18.00










