Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված երաժշտական երեկո

15:42 • 19.08.08

Օգոստոսի 18-ին Նյու Դելիում Հայաստանի դեսպանության շենքում կազմակերպվել է երաժշտական երեկո` նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 105-ամյակին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Երեկոն բացել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ով ներկայացրել է մանրամասներ Արամ Խաչատրյանի կենսագրությունից և հարուստ ստեղծագործական կյանքից։

Այնուհետև Նյու Դելիի ռուսական մշակութային կենտրոնից հրավիրված երաժիշտները` դաշնակահար Սվետլանա Ռոդոշկևիչը և ֆլեյտահար Միխայիլ Ուշենինը, կատարել են մեծ վարպետի ստեղծագործությունները։ Մասնավորապես, հնչել են Արամ Խաչատրյանի նոկտյուրնը, վալսը Լերմոնտովի «Դիմակահանդեսից», ինչպես նաև հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից։

Երեկոյին ներկա են եղել պաշտոնյաներ Հնդկաստանի ԱԳՆ-ից, Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և երաժիշտներ։