«Հանգուցալուծումներ»՝ ի հիշատակ Մարկոս Գրիգորյանի
Նկարիչների միության ցուցասրահում բացվել է ամերիկահայ անվանի նկարիչ, հողարվեստի հիմնադիր (ներկին ածուխ և հող էր խառնում) Մարկոս Գրիգորյանի հիշատակին նվիրված ցուցահանդես, որ կրում է «Հանգուցալուծումներ» խորագիրը: Ներկայացված են Մարկոս Գրիգորյանի 7 հողարվեստի գործեր և 2 գորգեր, ինչպես նաև 10-ից ավել ժամանակից հայ նկարիչների աշխատանքներ, որոնք որևէ առնչություն են ունեցել Մարկոս Գրիգորյան արվեստագետին՝ Թենի Վարդանյան, Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Ռուբեն Գրիգորյան, Վազգեն Թադևոսյան և ուրիշներ:
Թեհրանում մեծացած, Եվրոպայում կրթություն ստացած ու ստեղծագործած Մարկոս Գրիգորյանը համարվում է իրանական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը, նախորդ դարի 60-ականներից տեղափոխվել էր Նյու Յորք, իսկ 90-ականների սկզբից՝ հայրենիք՝ Հայաստան: Այստեղ 1992թ. նա մեր երկրին նվիրեց հազարավոր արժեքավոր թանգարանային նմուշներ պարունակող իր անձնական հավաքածուն: 16 տարի հետո էլ այդ հավաքածուն չունի սեփական տանիք, հանգրվանել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մի սրահում և ստացել «Միջին Արևելք» բաժին անունը:
Օգոստոսի 27-ին կլրանա Մարկ Գրիգորյանի մահվան առաջին տարելիցը: 2007թ. օգոստոսի սկզբին նա ենթարկվեց ավազակային հարձակման. դաժան ծեծի հետևանքով 84-ամյա նկարիչը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մոտ 20 օր անց մահացավ:










