Սեպտեմբերը՝ ջազի հնչյունների ներքո

09:53 • 25.08.08

2008 թվականը Հայաստանում նշվում է որպես Հայկական ջազի 70-րդ հոբելյանական տարի. այդ առիթով ամբողջ տարվա ընթացքում անցկացվում են հատուկ տոնական միջոցառումներ, բացառիկ ջազային համերգներ։

Սեպտեմբերին «Հայկական ջազ – 70» կազմկոմիտեն Մշակույթի նախարարության աջակցությամբ երաժշտասերներին կմատուցի նոր անակնկալներ։ Նախ սեպտեմբերի 12-ին Երևանում բացառիկ համերգով հանդես կգա վրացական ջազի թերևս ամենահայտնի անունը՝ Նինո Կատամաձեն իր Insight խմբի հետ։

Սեպտեմբերին հայրենիքում միակ բացառիկ համերգով հայ հանդիսատեսին կներկայանա հայկական ջազի կենդանի լեգենդներից Տաթևիկ Հովհաննիսյանը։ 80-ականներին Միացյալ Նահանգներում հաստատվելուց հետո «խորհրդային ջազ վոկալի թագուհին» առաջին անգամ կբարձրանա հայկական բեմ։

Սեպտեմբերին ջազի սիրահարներին սպասվում է նաև անակնկալ պարային ներկայացում ջազի հնչյունների ներքո։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում հանդես կգա ամերիկյան Pilobolus պարային թատրոնը։

Հիշեցնենք, որ ջազի տարվա շրջանակներում Երևանում արդեն ելույթ են ունեցել Ջերրի Բերգոնզիի հնգյակը, «Փարիզ ջազ» եռյակը։