Գյումրիի Բիենալեն տոնում է տասնամյակը
Այս տարի լրանում է Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեի հիմնադրման 10-րդ տարին: 1998թ-ին՝ երկրաշարժի 10-րդ տարելիցից առաջ, Հայաստանի երկրորդ քաղաքում մի խումբ արվեստագետների կողմից հիմնադրվեց ժամանակակից արվեստի երկամյա փառատոնը՝ որպես յուրատեսակ դեղամիջոց քաղաքի և բնակիչների համար: Հայաստանյան բիենալեն Գյումրի տեղափոխելը հետապնդում էր նաև մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն:
Գյումրիի ժամանակակից արվեստի 6-րդ բիենալեն կրում է “Պատմական փոխակերպումներ կամ զուգահեռ պատմություններ” խորագիրը, կկայանա սեպտեմբերի 7-21-ը: Այսօր արդեն բիենալեի հիմնադիրներից Ազատ Սարգսյանը, ով նաև գլխավոր համադրողն է, խոսում է նախաձեռնության նվաճումների մասին: Մասնավորապես, եթե առաջին բիենալեին մասնակցում էին 5 երկրների արվեստագետներ, այս տարի մասնակից երկրների թիվը հասել է մոտ 30-ի: Սպասվում են շփումներ ժամանակակից արվեստի շատ հայտնի անունների հետ, ովքեր համաձայնել են Հայաստան գալ գրեթե առանց հոնորարի: Հայաստանից բիենալեին մասնակցում են ժամանակակից արվեստով զբաղվող բոլոր կենտրոնները, բացի ՆՓԱԿ-ից:
Այս տարի առաջին անգամ Գյումրիի բիենալեն համագործակցում է մշակույթի նախարարության հետ: Վերջինիս նախաձեռնությամբ բիենալեի ընթացքում կանցկացվի առանձին ցուցահանդես-մրցանակաբաշխություն՝ “Սպիացող վերքեր” խորագրով:
Ի դեպ, Գյումրիի ժամանակակից արվեստի բիենալեն ամենաերկարատևն է ողջ նախկին խորհրդային տարածքում: Մոսկվայում, օրինակ, ժամանակակից արվեստի բիենալե հիմնադրվել է միայն 2005թ.:










