Վերադարձի փառատոնը կանցկացվի 2-րդ անգամ

11:29 • 27.08.08

Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Վերադարձի դասական երաժշտության 2-րդ փառատոնը, որ հիմնադրվել է անցած տարի:

Փառատոնին մասնակցում են Սփյուռքի տարբեր գաղթօջախների երաժիշտ-կատարողներ, ովքեր մշակութային այս միջոցառման օգնությամբ անդրադառնում են հայրենադարձության խնդրին: Ընդհանրապես Վերադարձի փառատոնը նախաձեռնող «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամն ի սզբանե հետապնդում է հենց հայրենադարձության գաղափարի տարածման նպատակներ, բացի այդ, մտադրություն կա դասական երաժշտությունը դարձնել հանրությանը համախմբելու միջոց, ինչպես նաև նպաստել Հայաստանում դասական արվեստի զարգացմանը:

Վերադարձի 2-րդ փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը: Համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում և Կամերային երաժշտության տանը: Փառատոնին կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի երաժիշտներ, ինպիսիք են Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Տաթևիկ Բաղդասարյանը (ֆլեյտա, Ավստրիա), Վարդան Մամիկոնյանը (դաշնամուր, ֆրանսիա), Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ) և այլք: