Ֆայհա. Լիբանանի երգչախմբային դեսպանը Հայաստանում

07:48 • 29.08.08

Այս օրերին Հայաստանում անցկացվող Լիբանանի մշակույթի շաբաթվա շրջանակներում մշակութային դեսպանի գլխավոր դերը վերապահված է լիբանանյան “Ֆայհա” երգչախմբին, որի խմբավարն ու գեղարվեստական ղեկավարը հայազգի երաժիշտ Պարգև Թասլաքյանն է. երգչախումբը հիմնվել է վերջինիս նախաձեռնությամբ 2003թ-ին Լիբանանի Ալ Ֆայհա քաղաքում, կազմված է 40 անդամներից, երգացանկում ներառում է արաբական, սիրիական, ինչպես նաև ֆրանսիական, անգլիական ու հայկական երգեր։ Հայ կոմպոզիտորներից “Ֆայհան” կատարում է Կոմիտասի և լիբանանահայ Բ. Կանաչյանի գործերից։

Իր առաջին ձայնասկավառակը երգչախումբը թողարկել է 2007թ-ին, գործունեության 5 տարիների ընթացքում հասցրել է մի շարք միջազգային շրջագայություններ կատարել և մեծ հեղինակություն դառնալ միջազգային ասպարեզում։ Հայաստանում “Ֆայհա”-ն արդեն 2 համերգ է ունեցել, այսօր հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում, ապա Ստեփանակերում, Շուշիում, հետո նորից Երևանում։