Ռուսական ու վրացական թատրոնները կբացեն ու կփակեն հայկական փառատոնը
Սեպտեմբերի 7-18-ը Երևանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը հանդիպման վայր կդառնա մեր օրերի միջազգային քաղաքականության 2 հակադիր բևեռների՝ Ռուսաստանի և Վրաստանի թատրոնների համար: Սեպտեմբերի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա Վրաստանի մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուայի ստեղծագործական երեկոյով, որ նվիրվում է վերջինիս 70-ամյակին: Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնն իր “Համլետ”-ով Հայաստանի մայր թատրոնի բեմ կբարձրանա սեպտեմբերի 8-ին:
Իսկ սեպտեմբերի 17-18-ին մայր թատրոնում կհյուրընկալվի մեկ այլ “Համլետ” ռուսական թերևս ամենահայտնի թատրոնի ներկայացմամբ. երևանյան հյուրախաղերով հանդես կգա Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը: Թատերական գործիչների միության և Շեքսպիրյան փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանի հավաստմամբ սա թանկ հաճույք է ինչպես փառատոնի, այնպես էլ մեր երկրի համար: Նրա խոսքերով` մշակույթի նախարարն անձամբ մեծ դեր է ունեցել ռուսական կողմի հետ բանակցելու և ծախսերը մի փոքր կրճատելու հարցում: Երևան կժամանի մոտ 60 հոգանոց թատերախումբ, կտեղափոխվի Յու. Բուտուսովի բեմադրած “Համլետ”-ի ողջ դեկորացիան:
Ի դեպ, Շեքսպիրյան փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն անվճար կլինի, բացի մոսկովյան ներկայացումից, որի տոմսերն արժեն 3000-20000 դրամ:










