Մշակութային սեպտեմբեր, կամ երաժշտաթատերական զարթոնք
Եթե ամռան ամիսներին հայկական մշակութային կյանքն ինչ-որ չափով պասիվացել էլ, կամ, ավելի շուտ, կենտրոնացել մի քանի փառատոնների և փոփ-համերգների շուրջ, ապա սեպտեմբերի հետ սկսվում է մշակութային կյանքի նոր փուլ, որը կարելի է բնութագրել որպես երաժշտաթատերական զարթոնք:
Նախ՝ նոր թատերաշրջանով իրենց դռներն են բացում գրեթե բոլոր թատրոնները՝ վերադառնալով կամ արձակուրդից, կամ հյուրախաղերից: Բացի այդ, սեպտեմբերի 7-18-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը հայ հանդիսատեսին կնվիրի անպիսի ներկայացումներ, ինչպիսիք են, օրինակ, Մոսկվայի գեղարվեստի թատրոնի «Համլետ»-ը կամ նույն ներկայացումը՝ Թբիլիսիի ազգային թատրոնի մատուցմամբ:
Սեպտեմբերին երևանցի թատերասերին կներկայանա նաև անվանի դիրիժոր Օհան Դուրյանի որդին՝ Նարեկ Դուրյանը՝ իր «Մորաքույրը Փարիզից» ներկայացմամբ:
Ինչ վերաբերում է երաժշտական միջոցառումներին, ապա սեպտեմբերի 2-ից կմեկնարկի Երևանի երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը և համերգներով կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Սեպտեմբերը Երևան կբերի նաև ջազի տոն. «Հայկական ջազ – 70» հոբելյանական միջոցառումների շարքում Երևանում բացառիկ համերգով հանդես կգա վրացական ջազի թերևս ամենավառ անունը՝ Նինո Կատամաձեն՝ իր Insight խմբով, իսկ ամսվա ավարտին երկար տարիների ընդմիջումից հետո հայրենիքում ելույթ կունենա «խորհրդային ջազ վոկալի թագուհի» Տաթևիկ Հովհաննիսյանը: Ջազի տոնը կլրացնի նաև ամերիկյան Pilobolus պարային թատրոնը՝ մատուցելով պարային ներկայացում ջազի հնչյունների ներքո:










