2-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Երևանում
Այսօր մեկնարկում է Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի նույնպես իր շուրջը կհավաքի տասնյակ աշխարհահռչակ երաժիշտների, այդ թվում` Ֆաբիո Մաստրանջելո (դիրիժոր, Իտալիա), Տամակի Կավակուբո (ջութակ, ԱՄՆ), Ալեքսանդր Գինդին (դաշնամուր, Ռուսաստան), Յուրի Ժիսլին (ալտ, Մեծ Բրիտանիա), Սանդրա Մքմաստեր (մեձո սոպրանո, Հյուսիային Իռլանդիա) և ուրիշներ:
Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը: Փառատոնի միակ մենահամերգը կկայանա սեպտեմբերի 9-ին, երբ բեմ կբարձրանա հանրահայտ դաշնակարուհի Սվետլանա Նավասարդյանը:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգա նորվեգացի երիտասարդ դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլենդը, ով կկատարի Ռախմանինով (դաշնամուրի կոնցերտ թիվ 2) և Դվորժակ (սիմֆոնիա թիվ 9, «Նոր աշխարհից»):
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը, գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում և Կամերային երաժշտության տանը: Սեպտեմբերի 6-ին, 11-ին և 18-ին աշխարհահռչակ մենակատարների կողմից վարպետության դասեր կանցկացվեն Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում:










