«Թումանյանական հեքիաթի օր» Դսեղում

09:54 • 04.09.08

Սեպտեմբերի 6-11-ը Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում արդեն 3-րդ անգամ կանցկացվի տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն՝ «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով: Փառատոնը նախաձեռնել և կազմակերպում է Յունիմա-Հայաստանը՝ Տիկնիկային արվեստի միջազգային գործիչների միության հայկական կենտրոնը՝ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ, ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին Դսեղի կենտրոնական հրապարակում կայանալիք բացօթյա տոնախմբությամբ:

Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին այս տարի մասնակցում են 16 թատերախմբեր՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Ռուսաստանից, Սլովենիայից և Լիտվայից: Դսեղում ցուցադրվող 21 ներկայացումները դատելու է հատուկ ժյուրին, որն էլ մրցանակներ է շնորհելու 13 անվանակարգերում: Դսեղում կանցկացվեն նաև տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կբացվի տիկնիկային ցուցահանդես:

Փառատոնին աջակցում են Մշակույթի նախարարությունը, Բաց հասաակության ինստիտուտը և մի քանի մասնավոր ընկերություններ: