Ջիվան Գասպարյանը կտոնի 80-ամյակը

16:54 • 05.09.08

Աշխարհի ամենամեծ բեմերում հանդես եկած հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այս տարի կտոնի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է հոկտեմբերի 12-ին, բայց Երևանում հոբելյանական համերգ կունենա նոյեմբերի 11-ին Մարզահամերգային համալիրոմ, քանի որ պայմանավորվածություն ունի այնպիսի մեծ երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիտեր Գաբրիելը, Մայքլ Բրուքը, Վլադիմիր Սպիվակովը, ովքեր պատրաստվում են վարպետին շնորհավորելու համար ժամանել Երևան:

Դուդուկի վարպետը օրեր առաջ է վերադարձել Իտալիայից, որտեղ երաժշտական հերթական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է գլխավոր մրցանակի, որն, ինչպես նշեց դուդուկահարը, Ֆրանսիսկո է կոչվում:

80-ամյա Ջիվան Գասպարյանը չի սիրում հիշել, թե քանի տարեկան է, խորհուրդ է տալիս մոռանալ տարիքի և առավել ևս մահվան մասին: Ինքն անձամբ դեռ պատրաստվում է տոնել 100 ամյակը: Իսկ մինչև այդ այս տարի դեռ մի քանի համերգներ ունի տարբեր բեմերում՝ Վիեննայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Մուրմանսկում և Երևանում: