Օտտո Դիքսի հետահայաց ցուցահանդեսը Երևանում

09:50 • 06.09.08

Մշակույթի նախարարության և Հայաստանում Գերմանիայի դեսպանության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի գերմանացի անվանի նկարիչ Օտտո Դիքսի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում առաջին աշխարհամարտի մասնակից նկարիչը պատկերել է իր տեսած պատերազմը՝ ազդվելով էքսպրեսիոնիզմից, կուբիզմից ու ֆուտուրիզմից։ Ավելի ուշ Օտտո Դիքսը սկսում է հետաքրքվել կրկեսով ու իր ստեղծագործությունն ուղղորդում դեպի ռեալիստական արվեստ։

«Ես կյանքն աչքերով ապրող մարդ եմ և ոչ փիլիսոփա։ Այդ պատճառով էլ նկարներումս անընդհատ դիրքորոշում եմ արտահայտում, ցուցադրում, թե իրականում ինչ է կատարվում և ինչ պետք է ասվի հանուն ճշմարտության», - գրել է Օտտո Դիքսը։

Երևանյան ցուցահանդեսում ներկայացված են Օտտո Դիքսի 80-ից ավել աշխատանքներ։ Այն կգործի մինչև սեպտեմբերի 25-ը։