Բեմում՝ բացառապես Շեքսպիրի մոտիվներով
Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուայի ստեղծագործական երեկոյով երեկ մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նույնպես հայ հանդիսատեսին կմատուցի ներկայացումներ՝ բացառապես մեծ անգլիացու մոտիվներով:
Մասնավորապես, այսօր մայր թատրոնի բեմում կլինի փառատոնի առաջին «Համլետ»-ը՝ Ռուսթավելու անվան թատրոնի ներկայացմամբ: Փառատոնի ընթացքում «Համլետ»-ով հայկական բեմեր կբարձրանան իրանական «Բազիսազան» թատերախումբը, P.A.T. թատրոնը Սլովակիայից, Լեհաստանից ժամանած Պիոտր Կոնդրատը՝ բացօթյա ներկայացմամբ, հայաստանցիներից՝ Արամ Հովհաննիսյանն իր մենաներկայացմամբ, և, իհարկե, Մոսկվայի գեղարվեստական թատրոնը՝ Յու. Բուտուսովի բեմադրած «Համլետ»-ով:
Շեքսպիրյան թատերական գունապնակն առաջարկում է հետևել նաև այլ սցենարների՝ «Լեդի Մակբեթ»՝ Արմինե Մացակյան, Հայաստան, «Լեդի Կապուլետի»՝ Կրիտինա Կրիտնիեսե, Լատվիա-Ուկրաինա, «Ռիչարդ Ռիչարդից հետո»՝ «Թատրոն զամբյուղի մեջ», Ուկրաինա, և այլն: Փառատոնի ծրագրում ընդգրկված հայկական 5 ներկայացումներից 4-ը պրեմիերաներ են՝ բեմադրված հատուկ փառատոնի համար, այդ թվում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Տասներկուերորդ գիշեր»-ը և Պատանի հանդիսատեսի թատրոնի «Երկու ազնվական Վերոնայից» ներկայացումը:
Ի դեպ, փառատոնի ներկայացումների մուտքն ազատ է, բացառությամբ մոսկովյան թատրոնինը, որի տոմսերն արժեն 3000-20000դրամ:










