Երևանում շարունակվում է դասական երաժշտության տոնը
Սեպտեմբերից 2-ից մեկնարկել ու շարունակվում է Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն այսօր նույնպես հանդիսատեսին կմատուցի դասական երաժշտություն՝ անվանի մենակատարների մատուցմամբ:
Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում այսօր հանդես կգա «Սերենադ» կամերային նվագախումբը և մենակատարներ Ջուլյա Ֆիշերը՝ ջութակ, Գերմանիա, Ալեքսանդր Սիտկովեցկին՝ ջութակ, Մեծ Բրիտանիա, և Ալեքսանդր Չաուշյանը՝ թավջութակ, Մեծ Բրիտանիա: Վերջինս նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարներից է: Փառատոնի այսօրվա ծրագրում կհնչի Վիվալդի՝ Կոնչերտո գրոսսո և Տարվա եղանակները, ինչպես նաև Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ:
Իսկ վաղը կկայանա փառատոնի միակ մենահամերգը. բեմ կբարձրանա հանրահայտ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը՝ կատարելու Մոցարտ, Շուման և Շոպեն:
Առջևում սպասվում են հանդիպումներ դաշնակահարներ Էշլի Վոսի (Մեծ Բրիտանիա) և Ֆիլիպ Կասարի (Ֆրանսիա) հետ, ովքեր նաև վարպետության դասեր կտան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 11-ին: Այնուհետև դասական երաժշտության սիրահարներին կատարողական իրենց արվեստը կմատուցեն Յուրի Ժիսլինը՝ ջութակ, Մեծ Բրիտանիա, Ֆաբիո Մաստրանջելոն՝ դիրիժոր, Իտալիա, Լևոն Չիլինկիրյանը ՝ջութակ, Մեծ Բրիտանիա, Սանդրա Մըքմաստերը՝ մեցցո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա, Իըն Ֆաունթեյնը՝ դաշնամուր, Մեծ Բրիտանիա, Դայշին Կաշիմոտոն՝ ջութակ, Ճապոնիա, և այլոք:
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:










