Սարոյանական տարին շարունակվում է

09:43 • 10.09.08

Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի 100–ամյակի առթիվ սարոյանական հայտարարված տարվա միջոցառումների շարքը շարունակվում է: Առաջիկայում նախատեսվում է սարոյանական նախաձեռնությունների ավելի մեծ ակտիվություն. մասնավորապես, հոկտեմբերի 4-12-ը անցկացվող Հայ ֆեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում նախատեսվում է առանձին սարոյանական ծրագիր՝ ներկայացումներ Սարոյանի մոտիվներով:

Շուտով Երևանի կենտրոնում՝ Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, կկանգնեցվի Վիլյամ Սարոյանի արձանը, որ հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին: Մշակույթի նախարարության կողմից կթողարկվի Սարոյանի երկլեզու ինտերնետային կայքէջը, կթողարկվի գրողի պատկերով նամականիշ, իսկ Կենտրոնական բանկը կթողարկի հատուկ հուշադրամ:

Հոկտեմբերի 6-10-ը կանցկացվի «Վիլյամ Սարոյան. համաշխարհային մշակույթը և ազգային հենքը» խորագրով միջազգային գիտաժողով, մի քանի բուհերում կսահմանվի Սարոյանի անվան կրթաթոշակ, մշակույթի նախարարության և գրողների միության համագործակցությամբ կտպագրվի շուրջ 10 անուն գիրք:

Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանը մեծ շուքով նշում են նաև նրա ծննդավայրում՝ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում: