«Թատրոն զամբյուղի մեջ» կամ «Ռիչարդ Ռիչարդից հետո»

10:09 • 13.09.08

Երևանում շարունակվում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այսօր բեմ կտրամադրի ուկրաինական «Թատրոն զամբյուղի մեջ» խմբին։ Խումբ ասածն այս դեպքում վերաբերում է միակ դերասան Լիդիա Դանիլչուկին և բեմադրիչ Իրինա Վոլիցկային, ովքեր շեքսպիրյան կերպարներից ընտրել են Ռիչարդ 3-րդ արքային։

«Ռիչարդ Ռիչարդից հետո» կոչվում է մենաներկայացումը, որի միակ դերում հանդես է գալիս Լիդիա Դանիլչուկը։ Ուկրաինացի դերասանուհու կերտած Ռիչարդ արքան հայ հանդիսատեսին ներկայացել է դեռ նախորդ տարի՝ Արմմոնո փառատոնի շրջանակներում։ Սա միակ ներկայացումն է, որ կկրկնվի հայկական բեմում, կրկնությունը նախաձեռնել է Թատերական գործիչների միության և շեքսպիրյան փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ կրկին հրավիրելով Լիդիա Դանիլչուկին։

Երևանից բացի «Ռիչարդ Ռիչարդից հետո» մոնոդրաման հասցրել է ներկայանալ և համակրանքի արժանանալ մի քանի հեղինակավոր փառատոներում՝ Լեհաստանում, Իսպանիայում, Արաբական Էմիրություններում։ Բեմադրությունը ներկայացնող «Զամբյուղի մեջ թատրոնը» հիմնվել է մոտ 10 տարի առաջ և մինչև օրս գործում է որպես Կիևի Լես Կուրբասի անվան Ազգային պետական թատրոնի ստեղծագործական լաբորատորիա։