Մեկնարկում է «Վերադարձի» փառատոնը
Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա): Նրա հետ միասին բեմ դուրս կգան նաև դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանը (Գերմանիա) և Վերադարձի փառատոնային նվագախումբը: Այս համերգով կբացվի Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնը, որ նախաձեռնել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
Վերադարձի փառատոնը 7 համերգներով կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը: Երևանում իրենց կատարողական արվեստով կներկայանան այնպիսի ճանաչված երաժիշտներ, ինչպիսիք են Լիանա Ալեքսանյանը (սոպրանո, Գերմանիա), Տաթևիկ Բաղդասարյանը (ֆլեյտա, Ավստրիա), Վարդան Մամիկոնյանը (դաշնամուր, ֆրանսիա), Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Ստիվեն Պրուտսմանը (դաշնամուր, ԱՄՆ) և այլոք:
Վերադարձի փառատոնը նպատակ ունի հայրենադարձության գաղափարը տարածել աշխարհասփյուռ հայ երաժիշտների շրջանում, ինչպես նաև նպաստել Հայաստանում դասական երաժշտության զարգացմանը:










