«Mea Culpa»-ն դարձավ 6 տարեկան
«Mea Culpa» («Իմ Մեղքը») ներկայացումը նորից երևանյան բեմում է՝ տոնելով բեմելի 6-րդ տարին: Երկարամյա ներկայացման պրեմիերան կայացել է 2002թ-ի սեպտեմբերին և վիճակագրությունը փաստում է, որ դեռ մինչև 2006թ-ի աշուն՝ այսինքն մինչև ծննդյան 4-րդ տարին, «Mea Culpa»-ն միայն Հայաստանում ներկայացվել էր 100-ից ավելի անգամ:
Ներկայացումը անհամեմատ երկարամյա ու նաև երկարատև է: Մոտ 3 ժամ շարունակ գլխավոր դերում հանդես եկող դերասան Հրանտ Թոխատյանը բեմ է բարձրացնում տարբեր կերպարներ՝ Նոստրադամուս, Հիտլեր, Տիգրան Մեծ, Արա Գեղեցիկ, Նապոլեոն և այլն, ում օգնությամբ փորձում է բացահայտել հայկական «ողբերգության» իրական պատճառներն ու «մեղավորներին»:
Հրանտ Թոխատյանից բացի, «Mea Culpa»-ում խաղում են նաև Սամսոն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանը և ուրիշներ, պիեսի հեղինակը Վահրամ Սահակյանն է, բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի:










